Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար սահմանված տուգանքները տալիս են իրենց արդյունքը։ Այդ մասին նա ասաց քաղաքապետարանի սեպտեմբերի 8-ի աշխատանքային նիստին՝ հիմք ընդունելով տրանսպորտում ուղետոմսերի վավերացման վիճակագրությունը։

Ըստ այդմ՝ սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում վճարումների վավերացումների թիվն աճել է շուրջ 17 տոկոսով՝ կազմելով ավելի քան 406,000։ Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում գրանցվել է ավելի քան 2,8 մլն վավերացում։

Համեմատության համար նշվեց, որ օգոստոսին շաբաթական միջին աճը կազմել է 3 տոկոս։

«Արձանագրենք, որ վարչարարությունն իր արդյունքը տալիս է»,- զեկույցը լսելուց հետո ընդգծեց քաղաքապետը։ Ի դեպ, քաղաքապետարանում մոռացության էին մատնել այն հանգամանքը, որ, ի տարբերություն օգոստոսի, սեպտեմբերին ուղևորահոսքի կտրուկ աճ է եղել՝ կապված դպրոցների ու բուհերի աշխատանքի մեկնարկի հետ։

Օգոստոսից մայրաքաղաքի հանրային տրանսպորտում հսկողություն է իրականացնում Հասարակական կարգի պահպանության ծառայությունը։ Տեսուչները հատուկ սարքի միջոցով ստուգում են՝ արդյոք ուղևորը վճարել է երթի համար, թե ոչ։ Չվճարելու դեպքում ուղևորը տուգանվում է։

82