Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանի ամերիկյան համալսարանը դասախոս Սամվել Ֆարմանյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որից դժվար է հասկանալ, թե ինչ է հետևելու այս իրավիճակին։ Սակայն գրառմանս նպատակը դա պարզելը չէ․ ՀԱՀ հայտարարության մեջ կան մի շարք վիճելի պնդումներ, որոնց կցանկանայի անդրադառնալ՝ որպես համալսարանի նախկին դասախոս։ ( https://www.facebook.com/AUArmenia )

Նախ հայտարարության մեջ պնդում է արվում, որ «ՀԱՀ-ը պաշտպանում է իր դասախոսական կազմի անդամների՝ իրենց քաղաքական հայացքներն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ պայմանով, որ նրանք հանդես չգան համալսարանի անունից»։

Այս պնդման ֆոնին, ուզում եմ Հիշեցնել, որ 2020 թվականի դեկտեմբերին ՀԱՀ մի շարք դասախոսներ հանդես են եկել վարչապետի հրաժարականի պահանջով ներկայանալով հենց Հայաստանի ամերիկյան համալսարանի անունից, ոչ թե որպես սեփական քաղաքական դիրքորոշում, մեջբերում եմ․ «մենք՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի («ՀԱՀ») ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակազմի ներկայացուցիչներս, միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության անհապաղ հրաժարական տալու հանրային պահանջին» ( https://hetq.am/hy/article/125464 ):

Չնայած սրան ՀՀ կառավարությունը երբեք խնդիր չի դարձրել Հայաստանի Հանրապետության համար ճգնաժամային պահին Համալսարանի դրսևորած ոչ կառուցողական կեցվածքը և շարունակել է պահել առողջ աշխատանքային հարաբերություններ։

Հարկ է նշել նաև, որ համալսարանի այս պնդմանը հակասում է նույն Սամվել Ֆարմանյանի օրինակը, որ իր բազմաթիվ հարցազրույցներում ներկայանում է ոչ թե ՀՀԿ նախկին պատգամավոր, այլ ՀԱՀ դասախոս ( https://www.youtube.com/watch?v=kmpaHQTqxrg&t=74s, https://www.youtube.com/watch?v=rIQWseQPUuI&t=50s )։ Մի բան, ի դեպ, որ համալսարանում աշխատելու ընթացքում ես երբեք չեմ արել՝ պահելով համալսարանի ներքին կանոնադրությունը։

Սակայն հետաքրքիր է նաև, որ օրինակ, երբ ամիսներ առաջ ՀՀԿ-ական ցուցակի նախկին թեկնածու դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը ինձ ներկայացնում էր պայմանագիրս չերկարացնելու հիմքերը, ի թիվս այլ փաստարկների, բարեկամաբար խորհուրդ էր տալիս ընտրել գիտության և քաղաքականության միջև։ Մի բան, որ, չգիտես ինչու, խորհուրդ չի տրվում հակառակ ճամբարի քաղաքական դիրքորոշումն ունեցող դասախոսներին։

Իմ նախկին գործատու Հայաստանի ամերիկյան համալսարանի տարածած հայտարարության մեջ նաև անում է հետևյալ պնդումը․ «Համալսարանն առանձնահատուկ կերպով կարևորում է իր դասախոսական կազմի բազմազանությունը և հպարտ է այն հանգամանքով, որ դասախոսական կազմը ներառում է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամներ»։

Այս պնդումը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին աշնանային կիսամյակի համար համալսարանի դասացուցակները պատրաստ են, դասախոսների հետ պայմանագրերը՝ կնքված, դասախոսների խմբերը՝ համալրված։ Այս հայտարարությունից հետո որքան էլ լավատեսորեն փնտրեցի, բայց չգտա գեթ մեկ ՔՊ-ական, որ աշնանը կշարունակի կամ կսկսի դաս տալ համալսարանում։

Բազմաթիվ պետք չէ, թող համալսարանը մեկ ՔՊ-ականի անուն տա, որ աշխատում է համալսարանում։ Ուշադրություն, ոչ թե աշխատել է, այլ աշխատում է ու, ասենք, այս սեպտեմբերին մտնելու է լսարան։

Հ․ Գ․ Այս գրառմամբ Համալսարանը նախընտրական պայքարի թատերաբեմի վերածած ադմինիստրացիայի հետ աշխատանքս վերականգնելու որևէ միտում չունեմ։ Սրանք պարզապես արձանագրումներ են, որ հարկ համարեցի անել և անցնել առաջ։

705