Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանում ԻԻՀ դեսպանության Թվիթերյան էջը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության հաղորդագրությունը:
Հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել Հանրապետության նախագահի պաշտոնից, որից հետո ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնեց Ազգային ժողովի նախագահը՝ մինչև որ տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ՝ ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով: Մարտի 3-ին Ազգային ժողովը երկրորդ փուլով ՀՀ նախագահ ընտրեց այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուին՝ Վահագն Խաչատուրյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Նախագահի երդմնակալության համար Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա մարտի 13-ին: