Ինձ համար Վահագն Խաչատուրյանի ընտրությունը փոքր-ինչ անսպասելի էր, որովհետև մինչ նրա առաջադրումը թվում էր, թե կարող են լինել թեկնածուներ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել պետական ինստիտուտների միջև երկխոսության համար, ինչի մասին նաև վարչապետն էր ասում, որ պետական 3 ինստիտուտները՝ կառավարություն, խորհրդարան և նախագահի ինստիտուտ, պետք է ներդաշնակ լինեն: Կարծում եմ, այդ առումով նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը լահագույնն է: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա ընդգծեց, որ անձամբ ճանաչում է Խաչատուրյանին: «Նա անբասիր կենսագրություն ունի, հեղինակություն է վայելում թե արդյունաբերության և թե էկոնոմիկայի ոլորտում աշխատող մարդկանց շրջանում, հեղինակություն է ձեռք բերել նաև կառավարչական աշխատանքներում՝ թե քաղաքապետի, թե նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում: Բացի այդ, մենք պարոն Խաչատուրյանի հետ շատ լավ համագործակցել ենք բազմազան կոնֆերանսների ու քննարկումների ժամանակ, որոնք հենց մեր միությունն էր կազմակերպում: Դրանց ընթացքում նա միշտ հանդես է եկել առաջադեմ, յուրօրինակ մտքերով:

Նա կարդացող, իր զարգացմանը հետևող անձ է, ինչը ես շատ եմ գնահատում, քանի որ որպես կանոն, կայանալուց հետո շատերը դադարում են աշխատել ինքնազարգացման վրա, բայց նա պրպտող, կարդացող անձնավորություն է, ով չի դադարում ինքնազարգացման վրա աշխատել: Բնավորությամբ ազնիվ է ու ընկերական, նա մարդ է, ով պաշտոններ ստանալուց հետո չի փոխում իր վարքագիծը»:

Մակարյանը վստահություն հայտնեց, որ Խաչատուրյանին իր հեղինակության և անձնային հատկանիշների շնորհիվ կհաջողվի հավասարակշռել լարված իրավիճակները: «Կարծում եմ, որ անգամ ընդդիմադիր կուսակցությունները կողջունեն իր թեկնածությունը, կամ եթե անգամ չողջունեն, առնվազն դեմ չեն լինի և լռությամբ կհամաձայնեն նրա թեկնածության հետ»:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ չնայած նախորդ նախագահն ուներ դիվանագիտական լուրջ պոտենցիալ, լեզուների սահուն իմացություն, լինելով ֆիզիկոս՝ ուներ անալիտիկ մտածողություն, բայց Վահագն Խաչատուրյանն իր անձնային հատկանիշներով ու հեղինակությամբ բարձր մակարդակի վրա կպահպանի այդ ինստիտուտը և բացարձակապես չի զիջի իր ունակություններով: «Իհարկե, կարևոր է, որ թեկնածուն ունի անբասիր կենսագրություն, գիտելիքներ ։ Հատկանշական է նաև, որ բավական երկար ժամանակ քաղաքական դաշտում լինելով՝ պարոն Խաչատուրյանը չունի թշնամիներ կամ չուզողներ, հիմնականում ինքը կարողացել է տասնյակ տարիների ընթացքում իր բարեհամբույր ու ճիշտ վերաբերմունքով ձևավորել թափանցիկ գործընկերային  հարաբերություններ, որոնք կարևոր են պետական ինստիտուտներում բարձր պաշտոններ զբաղեցնելու համար: Վստահ եմ, որ նախագահի ինստիտուտի հեղինակությունը բացարձակապես չի նվազի նրա նշանակմամբ, հակառակը՝ կբարձրանա»:

Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը նշեց, որ անցած տարիների ընթացքում երբևէ Վահագն Խաչատուրյանի մասին վատ բաներ լսելու առիթ չի ունեցել, երբեք սկանդալների կենտրոնում չի եղել, հակառակը՝ պարկեշտ անձնավորություն է:

«Խորհրդարանական հանրապետություններում նախագահի պաշտոնն արարողակարգային է, այս պաշտոնին նշանակված անձը չի կարող իր լիազորություններով ազդեցություն ունենալ պետության կառավարման վրա: Նախորդ նախագահի հրաժարականի հիմնավորումները, թե ինքը լիազորություններ չունի՝ անհեթեթ են: Է, երբ Սերժ Սարգսյանը առաջարկում էր ստանձնել այդ պաշտոնը՝ չգիտեի՞ր, որ լիազորություն չունես, գիտեիր չէ՞, ինչո՞ւ ես համաձայնել, ստացվում է՝ ընդունել էիր, որ ստորջրյա քաղաքական գործունեության մեջ լինեիր: Որևէ խորհրդարանական երկրում նախագահը լայն լիազորություններ չունի: Այս պաշտոնը մոտավորապես նույնն է, ինչ Անգլիայի թագուհունը, Ճապոնիայի կայսրինը կամ Գեմանիայի նախագահինը, նրանց ո՞վ է հիշում: Նրանք քաղաքական կամ իրավական մեծ լիազորություններ չունեն, փոխարենը նրանք պետք է լինեն բարձր բարոյական արժեքներ կրող անձինք, որոնց կերպարը կարող է ազդեցություն ունենալ շրջապատի կամ հասարակության վրա: Այս առումով՝ կարծում եմ, Խաչատուրյանն իր անցած ճանապարհով ու կենսագրությամբ հենց այդպիսինն է, բացի այդ նա պետական կառավարման համակարգին որոշակիորեն ծանոթ է և իր փորձով կարող է օգտակար լինել»:

Շիրինյանն ընդգծեց, որ հիմա երկիրը ճգնաժամ է ապրում և հիմա, առավել քան երբևէ իշխանության կոնսոլիդացիայի, համախմբման կարիք կա: «Կարծում եմ, որ Խաչատուրյանն ունի բոլոր այն հատկանիշները, որոնք կնպաստեն հենց այդ կոնսոլիդացմանը, ոչ թե նախորդի նման հրաժարականներ կպահաջի՝ խախտելով իր բոլոր լիազորությունները»:

 

1807