Այսօր Զովունի համայնքի դպրոցի մոտ նռնակի պայթյունի հետեւանքով կնոջ եւ տղամարդու ողբերգական մահվան դեպքի մասին ՀՀ քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է ներկայացրել:

Հայտնի է դարձել, որ այսօր առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում, քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ մայրն առավոտյան ժամը 09:40-ի սահմաններում դուրս է եկել տնից, ապա զանգահարել իրեն ու հայտնել, որ նախկին ամուսինը հետապնդում է իրեն։ Զանգից ընդամենը մեկ ժամ հետո՝ 10:40-ի սահմաններում, «Նաիրիի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Զովունի համայնքի 40-րդ փողոցում մահացած կնոջ ու տղամարդու դիեր կան։

Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, նշելով՝ դեպքի առթիվ քրեկական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանություն, որը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով է եղել) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ վայրում հայտնաբերվել են կնոջ եւ տղամարդու դիեր՝ պայթյունի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներով։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: 

Քրեական գործի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

1366