ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելել է Ռուսաստանին վաճառել կամ մատակարարել դոլարային թղթադրամներ։ Այդ մասին նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունից պարզաբանել են, որ արգելքը չի վերաբերի ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման նպատակով կցանկանան ՌԴ տարածք տեղափոխել կանխիկ դոլար կամ փոխանցում կատարել ՌԴ տարածքում բնակվող որևէ անհատի: 

Կարգելվի նաև Ռուսաստանից ալկոհոլի, ադամանդների և ծովամթերքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանին մի շարք թանկարժեք ապրանքների մատակարարումը: Բայդենի խոսքով՝ դա Ռուսաստանին 1 մլրդ դոլարի վնաս կհասցնի։

Իր ելույթում Սպիտակ տան ղեկավարը նշել է նաև, որ ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը չեն պատրաստվում Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքը։

«Այդ նպատակով մենք 12000 զինվորական ենք ուղարկել Ռուսաստանի հետ սահման։ Սակայն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ առճակատումը երրորդ համաշխարհային պատերազմ է նշանակում, հարկավոր է կանխել դա»,- ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, քննարկել հումանիտար, տնտեսական և այլ ոլորտներում Ուկրաինային աջակցության հնարավորությունը։ «Ես տեղեկացրել եմ Զելենսկուն այն գործողությունների մասին, որոնք մենք ձեռնարկում ենք Մեծ յոթնյակի և Եվրամիության հետ», - նշել է Բայդենը։

Զելենսկու խոսքով էլ՝ նախագահները պայմանավորվել են պաշտպանական ոլորտում Ուկրաինային աջակցության և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում։

1715