Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հարցազրույց էր տվել թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը՝ հայտարարելով, որ «Հայաստանի բնակչությունը, ընդհանուր առմամբ, ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»։ 

«Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին»,- հայտարարել էր Արարատ Միրզոյանը։ 

Միրզոյանի պնդումը, սակայն, միանշանակ չի ընդունվել։ ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր պնդում են, թե Միրզոյանը մանիպուլացրել է հանրային կարծիքի հարցումների արդյունքները և որ Հայաստանի բնակչությունը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Այդ հասարակական կարծիքը կառավարական «դաչաներ»-ու՞մ եք հաշվել։ Մեր երկրում միայն այդտեղի բնակիչներն են թուրքի գիրկը վազելուն կողմ։ Հասարակության 68-90%-ը համարում է Թուրքիան սպառնալիք (ըստ ոլորտի՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային) և միայն 5%-ն է համարում, որ անհրաժեշտ է առաջնահերթ հենց այդ երկրի հետ բարելավել հարաբերությունները»,- գրել էր Մամիջանյանը։ 

Մամիջանյանի գրառումը տարածել էին մի շարք լրատվականներ, այդ թվում՝ News.am-ը, Pastinfo.am-ը, aravot.am-ը և այլք։ Որպես ապացույց՝ Մամիջանյանն օրինակ է բերում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)՝ հունվարի 31-ին հրապարակած հարցման արդյունքները։ Ամենայն հավանականությամբ՝ Արարատ Միրզոյանի հայտարարության հիմքում ևս նույն սոցհարցումն էր։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել IRI-ի հարցումը և դրա վերաբերյալ իրարամերժ մեկնաբանությունների ճշմարտացիությունը։ 

Ինչ են ցույց տալիս հարցման արդյունքները

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) իրականացրած հարցմանը մասնակցել էր 1512 չափահաս անձ։ Հարցման սխալանքը կազմում է ոչ ավել, քան 2․5 տոկոս։ 

Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցերից որոշները վերաբերում էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և Թուրքիայի՝ Հայաստանի համար սպառնալիք լինել-չլինելուն։ 

Ըստ այդմ, հարցվածների միայն 5 տոկոսն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն համարում, հարցվածների 73%-ը «համաձայն» կամ «որոշ չափով համաձայն» է, որ «Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Թուրքիայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը»։ Իսկ հարցվածների 70%-ը «համաձայն» կամ «որոշ չափով համաձայն» է, որ երկխոսություն սկսվի՝ Հայաստանի առաջ քաշած նախապայմաններով՝ օրինակ, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին չխոչընդոտի։ 

Հարցվածների 44%-ը որևէ պարագայում համաձայն չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Արարատ Միրզոյանի պնդմանը հակափաստարկ ներկայացնողները ուշադրություն են հրավիրում հարցման մյուս հատվածին, որտեղ հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 70-90 տոկոսը, կարծում է, որ Թուրքիան է Հայաստանի համար հիմնական տնտեսական, քաղաքական և անվտանգային սպառնալիքը։ Այս նկատառումը, սակայն, չի բացառում կարգավորումը կամ ժողովրդի վերաբերմունքը կարգավորման գործընթացին, ինչն էլ, ըստ էության, արտացոլված է վերևում մեջբերված տվյալներում։ Հետևաբար՝ պնդումը, թե Հայաստանի բնակչության մեծամասնությունը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, մանիպուլյատիվ է։ 

Նշենք նաև, որ հարցվածների 35 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի հետ տրանսպորտային ուղիների բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի բնակչությունը դրական արտահայտվել է նաև նախկինում իրականացված հարցումներում։ Այսպես, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ) հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լայնածավալ հետազոտություն էր հրապարակել դեռևս 2015 թվականին, որտեղ հարցվածների 51 տոկոսը դրական էր վերաբերվում հայ-թուրքական սահմանների վերաբացման հեռանկարին, իսկ 46 տոկոսը բացասական վերաբերմունք ուներ գործընթացի կասեցմանը։ 


Աղբյուրը՝ fip.am

705