«Ցրտահարում տեղի չի ունենա, բերքատվության անկում եւս չենք ունենալու, հակառակը, ավելի լավ կլինի»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ֆերմեր Հարություն Մնացականյանը` խոսելով վերջին օրերի ընթացքում տեղացող առատ ձյան հետեւանքների ինչպե՛ս դրական, այնպե՛ս էլ բացասական կողմերի մասին:

Նրա խոսքով, ցրտահարման դեպքեր ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում չեն գրանցվել եւ չեն գրանցվի նաեւ հետագայում.

«Ծառերը չհասցրեցին վեգետացիա լինել, ինչն արդեն նվազեցրել է ցրտահարության ռիսկերը, որովհետեւ եթե մի քանի օրից տաքանա, ծառերը սկսեն վեգետացիա լինել եւ ծաղկել, արդեն կհասնենք գրեթե հունիս»:

 

Մնացականյանը նշեց, որ ձյան նման առատ տեղումները դրական հետեւանք են ունենալու նաեւ ջրամբարների համար.

«Մեր ջրամբարները այս տարի ձյան սակավության պատճառով շատ քիչ էին լցվել, օրինակ՝ Կառնուտի  ջրամբարը մոտավորապես 10-15% հազիվ էր լցվել, իսկ այս առատ տեղումների շնորհիվ զգալիորեն եւ բավական տեսանելի կբարձրանա ջրի մակարդակը»:

Սեւանի ջրի մակարդակի բարձրացում եւս սպասվում է, ուստի ոռոգման խնդիրը եւս կլուծվի, ցորենի համար նույնպես նպաստավոր է:

Ֆերմերի խոսքով, գյուղացիների բախտն այս հարցում բերել է, քանի որ կհասցնեն նաեւ աշնանացանի աշխատանքներ կատարել.

«Քանի որ Լարսը փակված էր, մենք գարնանացանի  գարու եւ այլ հացահատիկային մշակաբույսերի սերմնացուներ չունեինք, իսկ այս եղանակային պայմաններում բավականաչափ հետ ընկավ, ուստի լավ է՝ արդեն գյուղացիներն էլ կհասցնեն աշնանացանի աշխատանքներ կատարել»,- ասաց ֆերմերը:

Մնացականյանը նշեց, որ եթե ՃՈ-ն իր աշխատանքը լավ կազմակերպի, սպասվող սելավներից կկարողանանք ազատվել, քանի որ հակառակ դեպքում, եթե չստացվի այդ գործընթացը ճիշտ կազմակերպել, շատ տեղերում վնասներից խուսափելը բարդ կլինի:

Աննա Չիբուխչյան

822