
Մարտի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ժամը 18-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Մեծի պողոտայից, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 22 և 28 տարեկան երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով 44 փաթեթ:
Ավելի ուշ պարզվել է, որ թմրամիջոցը ձեռք են բերել «Տելեգրամ»-ի միջոցով և փողի դիմաց դնում են մայրաքաղաքի տարբեր վայրերում։
Բերման ենթարկված երիտասարդները մատնանշել են, թե որ փողոցներում են դրել փաթեթները: Զննությամբ նշված վայրերից հայտնաբերվել է 17 փաթեթ թմրամիջոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։