
Մարիուպոլում այրվում է Դոմինիկյան Հանրապետության դրոշով «Ազբուրգ» թուրքական նավը, որում եղել են Ուկրաինայի քաղաքացիներ։ Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 5-ին, հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
«Ներկայում մեզ հայտնի դարձավ դոմինիկյան դրոշի ներքո գործող թուրքական «Ազբուրգ» նավի հրդեհվելու մասին, որում եղել է Ուկրաինայի 12 քաղաքացի»,- լրագրողներին ասել է Բասուրինը։
Նա հավելել է, որ Մարիուպոլի նավահանգիստը պահող ուկրաինացի ազգայնականները, գիտակցելով իրենց պարտության մոտիկությունը, իրականացնում են ենթակառուցվածքի, ինչպես նաև դրանում տեղակայված օտարերկրյա նավերի նպատակային ոչնչացումը։
Մասնավորապես, անտեսվել են օտարերկրյա վեց նավերի տարհանման խնդրանքները։ Անձնակազմի հետ միասին նրանք դիտավորյալ արգելափակվել են՝ ականապատելով նավահանգստի ջրերը նույնիսկ հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ, մանրամասնել է Բասուրինը։