
Այսօր, ապրիլի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։
Այս պահին տեղում աշխատում է քննչական խումբն ու դատական բժիշկը։ Դատաբժիշկը զննելով դին, հայտնեց, որ մարմնի վրա կա դանակից ստացած 3 հարված։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզվում է։