«Դա տնօրենի մտահոգությունն էր, մենք ունեինք անհրաժեշտ աղ ու ավազ, բայց այդ օրվա հարցադրումը, երբ տնօրենը հնչեցրեց, թե ավարտվում է, դա դեռեւս ավարտ չէր, եթե բնությունը շարունակեր տեղումների ինտենսիվությունը եւ ավելի երկար տեւեր, մենք որեւէ խնդիր չէինք ունենալու»,- այսօր` ապրիլի 19-ին կայացած Երեւան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը` պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին` ինչի հետեւանքով էր վերջերս առատ ձյան ժամանակ առաջացել աղի ու ավազի ճգնաժամը, արդյոք սխալ հաշվարկ էր արվել ի սկզբանե:

Արեյանի խոսքով, իրենք սահմանված նորմատիվով հավաքել էին անհրաժեշտ քանակի աղ եւ ավազ, ուստի գոյություն ունի ձմռան երկու շրջան՝ էքստենսիվ եւ ինտենսիվ։ Ինտենսիվը հաշվվում է դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներով, իսկ էքստենսիվ շրջանը նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներն է ներառում։

«Այս տարի եղանակը անակնկալ մատուցեց եւ էքստենսիվ շրջանը տեղափոխեց մարտ ամիս ամբողջությամբ, իսկ մենք մեր տեխնիկան վերապրոֆիլավորում ենք նոյեմբերին, հաջորդ վերապրոֆիլավորումը ձմռանից գարուն արդեն անում ենք մարտին, բայց անակնկալ էր, խիստ կանխամտածված տեսնելով, որ մարզերում ձյուն է, մենք չարեցինք տեխնիկայի վերպրոֆիլավորում, տեխնիկան թողեցինք ձմռան սեզոնին»:

Եզրափակելով խոսքը՝ Արեյանը նշեց, որ այս հարցով որեւէ խնդիր չէր կարող առաջանալ, քանի որ քաղաքապետարանն ուներ օպերատիվ պայմանավորվածություն ներկրողի հետ:

854