
Ոստիկանությունը ձերբակալել է ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսին՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է The Blast-ը։
Նշվում է, որ երգչուհուն մարտի 10-ին ձերբակալել են Կալիֆոռնիայում արագության գերազանցման համար, իսկ մայիսի 3-ին Սփիրսը պետք է ներկայանա դատարան։ The Blast-ի ձեռք բերած փաստաթղթերում չի նշվում, թե ինչ արագությամբ է մեքենան վարել Սփիրսը, սակայն ընդգծվում է, որ նա վտանգ է ներկայացրել մյուս վարորդների երթևեկության համար։
Սա առաջին դեպքը չէ։ 2019 թվականին Սփիրսը ձերբակալվել է Կալիֆոռնիայի Վենտուրա շրջանում՝ արագությունը գերազանցելու համար, ինչի համար նրան տուգանել են։ Ապրիլի 12-ին Բրիթնի Սփիրսը սոցցանցերում հայտնեց իր երրորդ հղիության մասին։ «Հղիության թեստ եմ արել... ևևև... երեխա եմ ունենալու»,- կիսվել է նա։ Երգչուհու խոսքով՝ ինքն ամեն օր յոգայով է զբաղվելու և ավելի քիչ է հայտնվելու հանրության առաջ՝ պապարացիների ուշադրությունից խուսափելու համար։
40-ամյա երգչուհին արդեն երկու որդի ունի` 16-ամյա Շոն Փրեսթոն Սփիրս Ֆեդերլայնը և 15-ամյա Ջեյդեն Ջեյմս Ֆեդերլայնը։ Նրանց հայրը պարող և ռեփեր Քևին Ֆեդերլայնն է, ում հետ Սփիրսը ամուսնացած է եղել 2004-2007 թվականներին։