«2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով 241,920.5 հազ. դրամ վերաբաշխված գումարը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա հատկացնել համապատասխան բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին»,- այսօր` ապրիլի 22-ին կայանալիք ՀՀ կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է սույն որոշումը, որի նպատակն է` փոխհատուցել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների եւ մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը:
Մինչ այս սեպտեմբեր 27-ից մեկնարկած պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 143-Ն եւ մի շարք այլ որոշումներով, ուստի ընդհանուր առմամբ վերոնշյալ հինգ որոշումներով ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող` 512 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 52,543.3 հազար դրամ:
Այժմ, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ և սովորող ամուսիններ, որոնք զորացրվել են 2021-2022 թվականների ձմեռային զորացրմամբ, հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են և 2021 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2022 թվականի մարտի 22-ն ընկած ժամակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ շուրջ 1026 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 241,920.5 հազար դրամ: