Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի Սպիտակի վարչական տարածքը սպասարկող պարեկները: Հրշեջները գյուղացիների հետ նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա՝ մարել այն:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Սպիտակի էլեկտրացանցի պատասխանատուները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, պարզվել է, որ Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքի ահագին հատված վերածվել է մոխրակույտի՝ գույքով հանդերձ:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

1091