Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի համաձայն, որը հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից, Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 51-րդ տեղը։  2021 թվականին Հայաստանը 63-րդ տեղում էր։

Ընդ որում Վրաստանը զբաղեցրել է 89-րդ տեղը, Թուրքիան՝ 149-րդ, Ադրբեջանը՝ 154-րդ, Ռուսաստանը՝ 155-րդ, Իրանը՝ 178-րդ:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի հիմնական տեղեկատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, որոնցից ամեն օր օգտվում է բնակչության երկու երրորդը: Չնայած առկա բազմակարծությանը, ըստ զեկույցի, ԶԼՄ-ները դեռ մնում են բևեռացված։ Երկիրը բախվում է ապատեղեկատվության եւ ատելության հռետորաբանության խնդիրներին։

Զեկույցում նշվում է, որ 2021 թվականը ծանր էր հայկական ԶԼՄ-ների և լրագրողների համար՝ Արցախում 44-օրյա պատերազմի, ընտրությունների և համաճարակի հետևանքների պատճառով։

 

835