
Մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստը, որը վարում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նիստին նա կարևորեց նախ ներկայացնել դիրքորոշում, թե կառավարման որ համակարգի կողմնակից են քննարկման մասնակիցները:
«Այս հարցն են բոլորիս տալիս՝ ի վերջո, այս ամենը ստեղծվել է, որպեսզի դուք վերադառնա՞ք նախագահական կառավարման ձևին, թե մնալու է խորհրդարանականը։ Այս հարցի պատասխանը ինձ թվում է ամենաինտրիգայինն է և հետաքրքիրներից մեկն է: Մեր բացակա որոշ գործընկերների հետ խոսել ենք, իրենք միանշանակ խորհրդարանական կառավարման ձևի կողմնակիցն են»,- ասաց նա և կարևորեց պարզել, թե որ բոլորը՝ 11 խորհրդի և 5 հանձնաժողովի անդամները միանշանակ խորհրդարարանականի կողմնակից են, թե՞ ոչ:
«Ես գիտեմ, որ մի քիչ սադրում եմ բոլորիս, բայց մենք բոլորս էլ կարող ենք համոզում ունենալ, որ խորհրդարանական պետք է լինի կառավարման համակարգը, բայց բացենք քննարկում, գնանք ժողովրդի մեջ և կամ փոշմանած, մեր կարծիքները փոփոխած վերադառնանք, կամ հակառակ մոտեցմամբ՝ այստեղ որոշենք խորհրդարանական և դա արդեն քննարկումից դուրս է»,- ասաց նախարարը:
Այսպիսով խորհրդի անդամներից 4-ը կողմ արտահայտվեցին խորհրդարանական կառավարման համակարգին, մեկը՝ նախագահական, մյուսները ձեռնպահ մնացին կոնկրետ դիրքորոշումից:
Նախարարը ներկայացրեց նաև իր դիրքորոշումը և նշեց, որ դա ներկայացնում է իր անունից և ոչ թե կառավարության: «Ես կողմ, եմ խորհրդարանական մոդելի պահպանմանը և այդ մոդելում շտկումների և բարեփոխումների իրականացմանը»,- հավելեց նա: