Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պատմությունը հայտնվել է աճուրդում. երկրի 250-ամյակի նախապատրաստական աշխատանքների շրջանակում Bonhams տունը վաճառքի է հանել նախագահական արտեֆակտների հավաքածու՝ Լուիզա Թեյփերի հավաքածուից, որը նմանատիպ իրերի ամենահեղինակավոր մասնավոր հավաքորդներից մեկն է, գրում է Daily Mail-ը:
Լոտերի ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 1,2 միլիոն դոլար, իսկ առցանց աճուրդը կտևի մինչև հունիսի 23-ը:
Ներկայացված իրերի թվում են ամերիկյան մի քանի նախագահների անձնական իրեր և կարևոր պատմական փաստաթղթեր: Մասնավորապես, վաճառքի են հանվել Ռոնալդ Ռեյգանի ստորագրությամբ բեյսբոլկան, որը գնահատվում է 800–1200 դոլար, և Ֆրանկլին Դ. Ռուզվելտի մի քանի խորհրդանշական իրեր՝ ներառյալ նրա գրպանի ժամացույցը, որի արժեքը կարող է հասնել 20–30 հազար դոլարի, ինչպես նաև գլանագլխարկը, որը նա կրել է առաջին երդմնակալության ժամանակ:
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ Իրավունքների բիլի վաղ տպագիր օրինակը, որը թվագրվում է 18-րդ դարի վերջով: Դրա գնահատված արժեքը կազմում է 8-ից 12 հազար դոլար: Հավաքածուում առկա է նաև Ջորջ Վաշինգտոնին պատկանող Նիդերվիլեր հախճապակու հազվագյուտ հավաքածու. դրա գինը կարող է հասնել 80 հազար դոլարի:
Լոտերում ներկայացված են նաև Դուայթ Էյզենհաուերի հետ կապված իրեր՝ ներառյալ նրա անձնական աքսեսուարները, ինչպես նաև Ռուզվելտների և Քենեդիների նախագահական ընտանիքներին առնչվող իրեր. մասնավորապես՝ աղանդերի ափսե, որը ենթադրաբար պահպանվել է Ժակլին Քենեդի Օնասիսի մոտ՝ որպես երկու քաղաքական դինաստիաների պատմական հաջորդականության խորհրդանիշ:
Հավաքածուն ներառում է տասնյակ հազվագյուտ արտեֆակտներ՝ գլխարկներից ու անձնական իրերից մինչև պատմական փաստաթղթեր, որոնք արտացոլում են ԱՄՆ-ի քաղաքական և մշակութային պատմությունը: Կազմակերպիչներն ընդգծում են, որ խոսքը «ամերիկյան պատմական նյութական մշակույթի խնամքով ընտրված հավաքածուի» մասին է, որը միավորում է ձեռագրեր, տպագիր հրատարակություններ և նախագահական մասունքներ: