«Ռուսաստանցիներից շատերն այս շրջանում սկսել էին ոչ միայն բնակարաններ վարձակալել, այլեւ գնել, բայց այս խառը ներքաղաքական իրավիճակով պայմանավորված նկատում ենք, որ վերջին շաբաթներում խուսափում  են նման խոշոր ներդրումներ անելուց` պատճառաբանելով` չգիտեն վաղն ինչ կլինի»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Անշարժ գույքի շուկայում շուրջ 10 տարի գործունեություն ծավալող մասնագետը` խոսելով ընդդիմության կողմից իրականացվող ակցիաների` շուկայի վրա բացասական ազդեցության մասին:

Ինչպես նկատեց մասնագետը, նման միջոցառումներն, անկախ ժամանակաշրջանից ու տեւողությունից, մշտապես մեծ վնաս են հասցրել շուկային` ստեղծելով անկայուն իրավիճակ. «Նույն պատկերն ունեինք նաեւ ՊՊԾ գնդի գրավման օրերին, սակայն այս շրջանում իրականացվող ակցիաների պատճառած վնասն էլ ավելի մեծ է, քանի որ այսօր խոսքը այն օտարերկարացիների մասին է, որոնք բավականին մեծ տեմպերով խոշոր բիզնեսներ են հիմնում մեր երկրում, այսինքն, այսկերպ խոչընդոտվում է նման կիրթ ու գրագետ մասսայի` մեր երկրում մշտական բնակություն հաստատելու որոշումը»:

Silver REA անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովն էլ, վերլուծելով Անշարժ գույքի շուկան վերջին 2-3 ամիսների դրությամբ, եւս նկատում է` նախորդ ամիսների համեմատ այժմ բնակարանների վարձակալության թիվը զգալի նվազել է. «Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված բավականին մեծ աճ էինք գրանցել, անգամ դեֆիցիտ էր առաջացել շուկայում, բայց հիմա, քանի որ հոսքն առատ չէ, եկածներն էլ արդեն տեղավորվել են, նման խնդիր չունենք այլեւս»:

Դեֆիցիտի վերացմամբ պայմանավորված՝ փոքր-ինչ նվազել են նաեւ վարձակալության գները. «Հիմա, երբ ռուսաստանցիները դիմում են մեզ, զգում ենք, որ արդեն ավելի շատ հետաքրքրվում են բնակարանների վաճառքի գներով, տեղայնությամբ, նաեւ հարմարավետությամբ, քանի որ նրանցից շատերի հիմնած  ընկերությունները հենց քաղաքի կենտրոնական հատվածներում են գտնվում, ուստի ցանկանում են, որ հնարավորինս մոտ լինեն աշխատատեղին, իսկ թե քանի գնման գործարք է կատարվել` պարզ կլինի 3-4 ամիս հետո»:

Ռուսաստանցիներից շատերը Անդրանիկ Հարությունովին վստահեցրել են, որ Հայաստանում վերջնական հաստատվելու ցանկությունը բավականին մեծ է, բայց քանի որ իրենց երկրում դեռ չվաճառած գույք կամ սեփականություն ունեն, այդ հարցերը լուծելուց հետո միայն ֆինանսապես պատրաստ կլինեն մշտական բնակություն հաստատել Հայաստանում:

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

2174