«Վստահ եմ, որ շուտով ռուսները բնակարան գնելու համար են դիմելու Անշարժ գույքի գործակալություն, ուստի մենք պետք է անենք ամեն հնարավորը, որովհետեւ շատ կիրթ մասսա է եկել, դա մեծ պլյուս է մեր երկրի համար, մեծ մասը կամ IT մասնագետներ են, կամ լոգիստիկ ծառայություններ իրականացնողներ»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Silver REA անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովը` խոսելով ռուսաստանցիների Հայաստան տեղափոխվելու դրական կողմերի եւ դրանք ի շահ մեր երկրի ծառայեցնելու մասին:

Հարությունովի խոսքով, ոուսաստանցիների մեծ մասն արդեն իսկ խոշոր ընկերություններ են բացել Հայաստանում ու սկսել բնականոն աշխատել.

«Մեծ մասը հիմնականում աշխատելով ամերիկյան կամ եվրոպական ընկերությունների հետ` իրենց  IT կազմակերպումն են անում կամ լոգիստիկ ծառայություններ մատուցում: Հիմա նրանք այստեղ որպես Ռուսաստանի քաղաքացի` հայկական բիզնես են հիմնում, ու այն ընկերություններին, ում հետ որ աշխատում են, ուղարկում են իրենց տվյալները, հետո այստեղ ԱՁ կամ ՍՊԸ են բացում ու որպես կոպիտ ասած՝ հայկական ընկերություն սկսում են ծառայություն մատուցել»:

 

Անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրենի խոսքով, ռուսաստանցիների` այստեղ բիզնես հիմնելն ու հետագայում արդեն բիզնես գործունեություն ծավալելը բավականին օգտակար է նաեւ հայերի համար.

«Պատկերացրեք, մարդիկ մեր երկրում ընկերություններ են բացում,  որոնք պարտադիր ընդլայնվելու են, չէ՞, դրանից հետո արդեն հենց մեր երկրից աշխատակիցներ կվարձեն, հետեւաբար  Հայաստանում աշխատատեղերն էլ կշատանան»:

Հարությունովը նկատեց, որ ռուսաստանցիները հիմա բնակարաններ վարձում են մեծամասամբ երկարաժամկետ տարբերակներով: Շատերը վեց ամիս կամ մեկ տարի են պլանավորել մնալ, ուստի, շատ հնարավոր է, որ երբ մտնեն կյանքի ռիթմի մեջ, հասկանան, թե ինչ հարմար երկիր է Հայաստանը թե´ իրենց եւ թե´ իրենց բիզնես գործունեության համար, եւ, հետեւաբար, արդեն այստեղ կմնան հիմնական բնակության:

Հարցին` արդյոք ռուսաստանցիները նկատում են բնակարանների վարձակալության այսչափ բարձր գները, Հարությունովը պատասխանեց, որ այդպես կլիներ, եթե Հայաստան տեղափոխվեր միջին խավը, բայց հիմա պատկերն այլ է.

 

«Մոսկվայում կամ, օրինակ, Պիտերում եւս այդ գներն են, իրենք էլ կարիքավոր խավ չեն, որ տեղափոխվել են Հայաստան։ Ոչ, բոլորն էլ բարձր աշխատավարձ են ստանում, այստեղ իրավիճակային է ավելի շատ, իրենք էլ են հասկանում, որ ֆորսմաժորային իրավիճակում են եկել»:


Հիմնադիր տնօրենի խոսքով, ռուսաստանցիները հիմնականում բնակարաններ վարձում են Կենտրոն վարչական շրջանում։ «Հիմնականում Կենտրոն-Արաբկիր վարչական շրջաններում են վարձում, թեպետ մենք միշտ բոլորին ասում ենք, որ էն, ինչ որ Ձեզ պետք է` մոլ, սուպերմարկետ, հանրախանութ, գրեթե բոլոր վարչական շրջաններում էլ շատ կան, անիմաստ է 1000 կամ ավելի դոլար վարձ տալ մեկ ամսվա համար»,- փորձում է իր խորհուրդներով օգնել գործակալութունը:

Հարությունովը ուրախությամբ հայտնեց, որ իր` ռուսաստանցիների հետ շփումը ցույց է տվել, որ վերջիններս բավականին գոհ են Հայաստանի թե´ ժողովրդից եւ թե´ պատկան մարմիններից.


«Շատ գոհ են թե՛ պետռեգիստրի, թե՛ բանկերի եւ թե անգամ սուպերմարկետների աշխատանքից: Նրանցից շատերը Թուրքիա էլ են գնացել ընկերություն բացելու, բայց բոլորն ասում են, որ այստեղ ընկերություն բացելը առավել հեշտ է, որ իրենց հանդեպ բարեհամբույր ու շատ ջերմ են, ոչ մեկ ռուսաֆոբ չի, ինչը նկատել են մեր հարեւան երկրներում»,- եզրափակեց Անդրանիկ Հարությունովը

Աննա Չիբուխչյան

1416