Շքեղության և քաղաքականության նշանի ներքո երեքշաբթի բացվեց Կաննի 75-րդ կինոփառատոնը։ Կարմիր գորգի վրայով անցան համաշխարհային, եվրոպացի և ֆրանսիացի աստղեր՝ Եվա Լոնգորիան, Ջուլիանա Մուրը, Ռոսի դե Պալման, Ան Պարիլյոն, ռեժիսորներ՝ իտալացի Մարկո Բելոկիոն և ամերիկացի Ֆորեստ Ուիտակերը, որը կինոյին մատուցած ծառայությունների համար Կաննում կպարգևատրվի արմավենու ճյուղով։ Ամերիկացի դերասանը, ռեժիսորը և պրոդյուսերն այս տարի փառատոնին կներկայացնի Հարավային Սուդանի մասին ֆիլմը՝ գրում է Euronews-ը:
Փառատոնի մասնակիցներին չի հաջողվել խուսափել քաղաքականությունից: Արդեն բացման նախօրեին փառատոնի ղեկավարությունը և ժյուրին՝ Վինսենթ Լինդոնի գլխավորությամբ, հայտարարեցին իրենց դիրքորոշումը. Կաննում տեղ չկա Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությունների և ԶԼՄ-ների համար, մինչդեռ ընդդիմության, մասնավորապես Կիրիլ Սերեբրեննիկովի ձայները լսելի կլինեն: Չորեքշաբթի կցուցադրվի Բեռլինում բնակվող ռուս ռեժիսորի «Չայկովսկու կինը» ժապավենը։
Բացման արարողության անակնկալը Ուկրաինայի նախագահի տեսահոլովակով ելույթն էր, որին ներկաները բուռն ծափահարեցին։ «Մեզ նոր Չապլին է պետք, որը կապացուցի, որ կինոն չի լռում»,-ասել է Զելենսկին։ «Մի՛ հուսահատվեք, ատելությունը վերջիվերջո կվերանա, իսկ բռնապետները կմահանան»,- հավելել է նա։
Փառատոնի կազմակերպիչները որպես բացման ֆիլմ ընտրել են Միշել Հազանավիչուսի զոմբիական կատակերգությունը Բերենիս Բեժոյի մասնակցությամբ: Սկզբում նկարը կոչվում էր «Z», սակայն ուկրաինական կողմի խնդրանքով այն վերանվանվեց «Կտրատեք»: