
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք հուշարձաններ՝ վերականգնման աշխատանքների մեկնարկից առաջ աշխատանքային խնդիրները տեղում քննարկելու նպատակով։
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ այցին ներկա էին նաև վերականգնման, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի տնօրենությունը:
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղը՝ կառուցված 19-րդ դարի վերջում (1896 թ.), Դիլիջանի ամենահին շինություններից է: Ճարտարապետական այս կառույցի վթարային վիճակը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է շենքի վերականգնման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2024 թ.: Այցի ընթացքում թանգարանի տնօրենության հետ քննարկվել են հուշարձան շենքի ճարտարապետական առանձնահատկությունների պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր:
Դիլիջան համայնքի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու և գավթի տանիքածածկերի նորոգման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ աշխատանքային այցի ընթացքում արձանագրվել են համալիրի գավթի ծածկասալերի փոխարինման անհրաժեշտությունը, ճեմասրահի անցման կամարակապ թաղի վթարային վիճակը: Քննարկվել է նաև համալիրի Սուրբ Գևորգ եկեղեցու գրատուն-զանգակատան թմբուկների վերականգնման հնարավորությունը:
Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանքում մասնագետներն անդրադարձել են 2022 թ. նախատեսված միանավ սրահի կենտրոնական թաղի վերականգնման աշխատանքներում կիրառվող նյութերի և շինարարական հրապարակի կազմակերպմանն առնչվող խնդիրներին:
Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի այցելության ժամանակ քննարկման առանցքում էին տանիքի լանջերի արևմտյան հատվածի նորոգումը, տարածքի մաքրման և բարեկարգման անհրաժեշտությունը: Հընթացս իրականացվել է տեղազննություն համալիրի հարավային մասում գտնվող Արղության-Երկայնաբազուկների և Զաքարյան իշխանների դամբարանների հատվածում: Ուսումնասիրվել են իրականացված աշխատանքներն ու պեղումների արդյունքները:
Հիշեցնենք, որ նշյալ հուշարձանների վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել են հետևյալ միջոցները՝
- ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքներ՝ 26 735 052 ՀՀ դրամ,
- ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքներ՝ 5 544 096 ՀՀ դրամ,
- ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 20 392 074 ՀՀ դրամ,
- ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներ՝ 27 300 000 ՀՀ դրամ: