
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն այսօր համայնքապետարանի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել է Սարդարապատ՝ տեղում ծանոթանալու գյուղի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին։
Այց կատարվեց Սարդարապատի մանկապարտեզ, որտեղ հաճախում են համայնքի 90 երեխաներ։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է վերանորոգել մանկապարտեզի մեկ մասնաշենք, գազաֆիկացնել մանկապարտեզը, կառուցել ջեռուցման համակարգ, ինչը հնարավորություն կտա 120 երեխայի համար մանկապարտեզը հասանելի դարձնել նաև ձմռան ամիսներին։
Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը եղավ գյուղի խմելու ջրի պոմպակայանում, որը կառուցվել է նախորդ տարվա ընթացքում։ Առաջիկայում մասնագիտական ուսումնասիրություն կանցկացվի խմելու ջրի ցանցի վերաբերյալ, կլուծվի նաև 40 հա գյուղատնտեսական հողի ոռոգման հարցը։
Այցի ավարտին համայնքի ղեկավարը ծանոթացավ նաև Սարդարապատի բուժամբուլատորիայի շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին, բուժանձնակազմի հետ քննարկվեցին առաջնային լուծում պահանջող մի շարք խնդիրներ: