
Այս վարչատարածքային բարեփոխումների գաղափարաբանության մեջ բացարձակ տնտեսման էլեմենտ չկա, կա ուրիշ էլեմենտ՝ ստեղծել համակարգ, որը թույլ կտա առկա ռեսուրսները սեփական պատասխանատվության և որոշումներով վերաբաշխել: Այս մասին այսօր Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին:
«Ամբողջ միավորման ընթացքում համայնքների աշխատակազմերի վարչական 7046 հաստիքի փոխարեն, չհաշված նոր առաջարկած խոշորացումը, ունեցել ենք 5514 հաստիք: Այսինքն՝ 1531-ով վարչական հաստիքները ապարատներում կրճատվել են: Համայնքային ծառայություններ իրականացնող ոչ առևտրային կազմակերպություններում՝ մանկապարտեզներում, կոմունալ ծառայություններում 13342 հաստիքի փոխարեն ունենք 12623 հաստիք: ՏԻՄ համակարգը՝ վարչական հաստիքների կրճատումով կատաստրոֆիկ չի վատացել»,- ասաց նա:
Վաչե Տերտերյանը նշեց, որ դրա փոխարեն 2266 համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում հաստիք են կարողացել ավելացնել, ինչը խոսում է այն մասին, ավելի շատ մանկապարտեզներ, դայակներ, տեխնիկներ ունեն:
«ՀՀ-ում չունենք համայնք, որը միավորված չէ, նույնիսկ այսօր այն էտապում ենք, որ խոսում ենք միավորված համայնքների միավորվելու մասին»,- ասաց նա: