
Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով իր աշխատասենյակի ներխուժմանը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով` ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։
Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։
Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է»։
Հիշեցնենք, ժամեր առաջ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ներս են խուժել Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող առողջապահության նախարարության շենք։