
Ինչպես արդեն հայտնել ենք, բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք: Խոսքն առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 (2,5 միլիոն) ՀՀ դրամ գումար վերցնելու մասին է:
Պարզվում է՝ կաշառք վերցնելու մեղադրանքով անցնող դատախազը Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորորդին է:
Այս կապակցությամբ լրատվամիջոցներում ու տեղեկատվական տարբեր խմբերում արված հրապարակումներին պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ կաթողիկոսին կամ որևէ այլ հայտնի կամ անհայտ մեկի հետ անձի բարեկամական կապ ունենալ-չունենալը որևէ դեր չունի և չի կարող ունենալ, քանի որ օրենքի առջև հավասար են բոլորը, հավասար են նաև օրենքի առջև պատասխանատվության հարցում, և որևէ բացառություն լինել չի կարող ու չի լինելու:
Աբրահամյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելով անմեղության կանխավարկածը՝ մի քանի նկատառում այսօր ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած՝ դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին տեղեկատվության շուրջ սկսված անառողջ և անհիմն շահարկումների վերաբերյալ:
Առանձին լրատվամիջոցներ ակնհայտորեն և համառորեն փորձում են տեղի ունեցածը կապել Ամենայն հայոց կաթողիկոսի անձի հետ՝ փորձելով տալ քաղաքական կամ որևէ այլ երանգավորում:
Ավելին՝ լրատվական հոսքերը փորձում են տանել այն ուղղությամբ, թե վեհափառի շուրջ ինչ-որ գործընթացներ են «հյուսվում»՝ նաև նրա հարազատների նկատմամբ քրեական վարույթներ սկսելու միջոցով՝ այդ կերպ փորձ անելով նրան թիրախավորելու տպավորություն ստեղծել:
Նման պնդումները, ակնարկները, ենթադրությունները որևէ հիմք չունեն և ուղղակի անմտության և մտագարության բացահայտ դրսևորում են՝ տեղի ունեցող հակակոռուպցիոն պայքարի գործընթացը մտացածին ինտրիգներով էժանացնելու և շղարշելու համար:
Կաթողիկոսին կամ որևէ այլ հայտնի կամ անհայտ մեկի հետ անձի բարեկամական կապ ունենալ-չունենալը որևէ դեր չունի և չի կարող ունենալ: Օրենքի առջև հավասար են բոլորը, հավասար են նաև օրենքի առջև պատասխանատվության հարցում, և որևէ բացառություն լինել չի կարող ու չի լինելու:
Եվ փոխանակ այս մոտեցման արմատավորման, դրա շարունակումը խրախուսելու՝ առանձին լրատվամիջոցներ, բնավորության համաձայն, ամեն ինչ տանում են էժան ինտրիգների, անձնավորման տիրույթ:
Մինչդեռ ինչպես դատախազական համակարգի ներսում, այնպես էլ դրանից դուրս բոլորին քաջ հայտնի է նման երևույթների նկատմամբ (ու հատկապես դատախազների շրջանում) ՀՀ գլխավոր դատախազի բացարձակ անհանդուրժողական, խիստ և հետևողական վերաբերմունքը:
Եվ ցանկացած նմանատիպ դրսևորում արժանանալու է ամենախիստ հակազդեցության:
Ուստի հորդորում եմ դադարեցնել սկսած անհիմն և անտեղի շահարկումները:
Երկրորդ՝ լրատվադաշտ են սպրդում ակնհայտ կեղծ «մանրամասներ» կոնկրետ այս դեպքի վերաբերյալ, որոնք, իրականության հետ առնչություն չունենալով, փորձում են ինչ-որ տրամադրություններ գեներացնել:
Մասնվորապես նշվում է այն մասին, թե իբր քրեական գործը հարուցվել է դատախազի սենյակում գաղտնալսման արդյունքում՝ այդ կերպ դիտավորյալ տպավորություն ստեղծելով, թե թիրախավորված մոտեցում է ցուցաբերվել: Չկա նման բան: Ոչ միայն նման թիրախավորվածություն չի եղել, այլ նաև առհասարակ նման միջոցառում չի կատարվել:
Իրականությանը չի համապատասխանում նաև տեղեկությունը, թե իրավապահները պատրաստվում են այսօր Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնել՝ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար:
Հուսով ենք՝ լրատվամիջոցներն այս տեղեկատվական խայծերը կուլ չեն տա»: