Նույնաբովանդակ, զանազան ստերով ու մանիպուլյացիաներով համեմված հոդվածներով մամուլի որոշ ներկայացուցիչներ վերջերս պարբերաբար անդրադառնում են Իջևանի համայնքապետարանի և համայնքապետ Արթուր Ճաղարյանի գործունեությանը` փորձելով նսեմացնել համայնքում կատարվող լայնածավալ աշխատանքները:

Երկար Ժամանակ չենք պատասխանել նմանատիպ բամբասանքներին` համարելով, որ լավագույն պատասխանը մեր ամենօրյա աշխատանքն է և համայնքի բնակիչների գնահատանքը: Սակայն որոշ «լրատվականներ» սկսել են անցնել թե բարոյականության, թե մասնագիտական էթիկայի բոլոր սահմանները:

«Բաջանաղապետություն» և բյուջեի մսխում, Արթուր ճաղարյանի գլխավոր «ձեռքբերումները» վերնագրով հերթական ստահոդ հոդվածն է երկնել lurer.com կոչվող կայքը` ընդգծելով, թե իբր Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը աշխատանքի է ընդունում բացառապես իր և Տավուշի մարզպետի ու ՔՊ խմբակցության պատգամավորի ազգականներին, սեփական կոմֆորտի համար համայնքի բյուջեից գնել է թանկարժեք ծառայողական ավտոմեքենա, այն պարագայում, երբ համայնքի գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներն ունեն պարարտանյութ ձեռք բերելու խնդիր և հղում են տալիս ամիսներ առաջ համայնքապետի՝ պարարտանյութերի թանկացման վերաբերյալ տված հարցազրույցին:

Հարկ ենք համարում անդրադառնալ վերջիններիս կողմից հնչեցված որոշ «մեղադրանքների».

1. Կապը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հետ:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Աժ պատգամավոր Վահե Ղալումյանը Իջևանի համայնքապետարանի գործունեության վրա ունեն այնքան ազդեցություն, որքան կարող են ունենալ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները միմյանց հետ գործնական շփումներում:

2. Աշխատանքի են ընդունվում համայնքապետի և մարզպետի ազգականները:

Համայնքապետի խորհրդական Նարեկ Ճաղարյանը և մամուլի քարտուղար Լիա ճաղարյանը Իջևանի համայնքապետարանում աշխատում են այն ժամանակներից, երբ Արթուր Ճաղարյանը ոչ միայն համայնքապետ չէր, այլև առհասարակ որևէ առնչություն չուներ Իջևանի համայնքապետարանի հետ, ավելին՝ նրանք ոչ մի կապ չունեն համայնքապետի հետ բացի ազգանվան համընկնումը։ Վաչե Վիրաբյանը, Լիլիթ Ղալումյանը և Անահիտ Ղալումյանը կրկին Իջևանի համայնքապետարանի աշխատակիցներ են հանդիսացել նախքան Արթուր ճաղարյանի համայնքապետ լինելը, իսկ Հասմիկ Ղալումյանը բացի ազգանվան նմանությունը, որևէ առնչություն չունի Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ: Նանե Վիրաբյանը չի աշխատել և չի աշխատում Իջևանի համայնքապետարանում: Նա հանդիսանում է Իջևան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ: Դավիթ Վիրաբյանը նույնպես նախկինում աշխատել է Իջևանի համայնքապետարանում:

3. Համայնքապետը գնել է ծառայողական ավտոմեքենա, երբ համայնքի ֆերմերներն ունեն պարարտանյութ ձեռք բերելու խնդիր:

Հավելյալ ծախսերից խուսափելու համար վաճառվել է Իջևանի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող S դասի Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի փոխարեն գնվել է մեր ճանապարհներին ավելի հարմար Toyota Prado ավտոմեքենա: Այն, որ Արթուր Ճաղարյանը հարցազրույցում մտահոգություն է հայտնել` կապված պարարտանյութերի թանկացման հետ, համապատասխանում է իրականությանը, սակայն խնդիրը լուծվել է դեռևս երկու ամիս առաջ ՀՀ կառավարության կողմից պարարտանյութերի գնման սուբսիդավորման ծրագրի շրջանակներում: Ֆերմերային տնտեսություններն ստացել են 22.6 տոննա պարարտանյութ: Իջևան խոշորացված համայնքում չի եղել գեթ մեկ ֆերմեր, որ դիմի համայնքապետարան և նշված ծրագրով չապահովվի սուբսիդավորված պարարտանյութով:

Լավ հասկանալով, որ իրեն լրատվամիջոց համարող սույն դեղին մամուլի նպատակն ամենևին էլ գյուղացու խնդիրները վեր հանելը կամ համայնքային բյուջեներց արված անարդյունավետ ծախսերը չեն, այնուամենյանիվ, խորհուրդ ենք տալիս հետայսու խորամուխ լինել փաստերի մեջ, չհրապարակել մակերեսային և ստահոդ տեղեկություններ:

Իջևանի համայնքապետարան

3615