Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված աշխատանքները քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատասխանատուներ, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և հիշեցրել, որ մարզահամալիրի կառուցման մասին կառավարության նախորդ նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այսօրվա քննարկման նպատակն է հստակեցնել աշխատանքների հետագա ընթացքը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ կառավարության կողմից Շենգավիթ վարչական շրջանում անվանի մարզիկի անունը կրող մարզահամալիրի կառուցումը Հայաստանի տարբեր հատվածներում նմանատիպ մարզահամալիրներ ունենալու կառավարության որդեգրած քաղաքականության շարունակությունն է: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես՝ Շենգավիթ վարչական շրջանում մարզահամալիրի կառուցումը թե՛ սպորտի, թե՛ տարածքի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա:

Հանդիպման ժամանակ պատասխանատուների կողմից քննարկվել են մարզահամալիրի կառուցման հետ կապված մանրամասներ: Արայիկ Հարությունյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

180