
«Հայերն այսօր» լրատվական հարթակը անդրադարձել է ավստրալահայ Գարի Աղաբեկյանին, որը 2017 թ․-ին ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան և ղեկավարում է Majorel Armenia միջազգային ընկերությունը։
Ռեպորտաժը պատմում է, թե ինչպես է Գարի Աղաբեկյանը, վերադառնալով հայրենիք, սկսել զբաղվել IT ոլորտում որոշակի փորձ ձեռք բերելով, որից հետո ստացել է Majorel Armenia միջազգային ընկերությունը տեղում գործարկելու և կառավարելու առաջարկ։ Ընկերությունը մոտ 3 տարի՝ 2019 թ․-ից ի վեր, սպասարկում է միջազգային շուկայի հեղինակավոր բրենդների գերմանախոս հաճախորդներին։
«Մեր գլխավոր գործունեությունը սպասարկման բիզնես է։ Ունենք խոշոր պատվիրատուներ աշխարհի բոլոր կողմերից։ Մենք սպասարկում ենք գերմաներեն լեզվի ոլորտում»,- նշում է Գարի Աղաբեկյանը։
Ընկերությունը սկսել է աշխատել 30 հոգանոց փոքր թիմով, իսկ այժմ այդ թիվը հասել է 400-ի։ Գարի Աղաբեկյանը նշում է, որ իրենց աշխատողների համար ապահովել են աշխատանքային լավագույն պայմանները։
Բացի այդ, ընկերությունը, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում, ստեղծել է լայն հնարավորություններ տարբեր լեզուներ տիրապետող մասնագետների համար։ Աղաբեկյանի խոսքով՝ միշտ պատրաստ են հնարավորություններ ընձեռել այն մասանգետներին, որոնք տիրապետում են գերմաներենին, ֆրանսերենին և այլ օտար լեզուների։