ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչներ մեկ միասնական դիտավորությամբ կատարել են պաշտոնեական կեղծիք:
Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ 2020-2021 թվականների ընթացքում պարբերաբար կազմել են կեղծ արձանագրություններ՝ վարորդ Ա. Հ.-ի կողմից իբր վարչական իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ, որի հետևանքով վերջինիս պատճառվել է ընդհանուր 115 հազար ՀՀ դրամի գույքային վնաս:
Ըստ առաջադրված մեղադրանքների՝ ՃՈ տեսուչներ Ռ. Օ.-ն, Ա. Ճ.-ն և Ռ. Ն.-ն ծառայության ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու բարձր ցուցանիշ ապահովելու անձնական դրդումներով 2020-2021թթ. տարբեր ամիսների Լոռու մարզի Միխայլովկա գյուղի բնակիչ Ա. Հ.-ի կողմից վարչական իրավախախտում թույլ չտալու պայմաններում կազմել են կեղծ արձանագրություններ՝ դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբր Ա. Հ.-ն իրեն և այլ անձանց պատկանող ավտոմեքենաներ է վարել, թույլ տվել իրավախախտումներ: Արդյունքում Ռ. Օ.-ն, Ա. Ճ.-ն և Ռ. Ն.-ն Ա. Հ.-ին պատճառել են համապատասխանաբար 45 հազար, 60 հազար և 10 հազար ՀՀ դրամի գույքային վնաս:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը): Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: