Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ մթնոլորտում են անցնում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումները, որին ի պատաախան՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց.

«Հանդիպումները շատ նորմալ են անցնում, և ես չեմ կարծում, որ այս համատեքստում կոնկրետ բանակցող անձն ինչ է մտածում: Սա վերաբերում է թե ինձ, թե Թուրքիայի ներկայացուցչին: Կարևոր է, թե երկրների Կառավարություններն ինչ են ուզում, ինչ են մտածում և ինչի են պատրաստ: Հայաստանի Կառավարությունն ուզում է հասնել շուտափույթ կարգավորման և դրա համար պատրաստ է գործադրել գործուն քայլեր ու նույնն ակնկալում ենք նաև թուրքական կողմից»։

Հարցին, թե Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսել Զանգեզուրի միջանցքի մասին, ԱԺ փոխնախագահն ասաց. «Ես կարող եմ ասել, որ այդ հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, և թերևս նույնիսկ հակառակը, ոչ միայն չեն նպաստում, այլև խանգարում են գործընթացին»:

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի այն լուրերը, որ ռուսական հեղինակավոր լրատվամիջոցը, հղում անելով ռուս բարձրաստիճան պաշտոնյաների, գրել էր, թե նախագիծ կա Զանգեզուրի միջանցքի հետ կապված, Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց. «Զանգեզուրի միջանցք հասկացություն գոյություն չունի մեր օրակարգում, ես զարմանում եմ՝ ինչու են մեր լրագրողները ամեն անգամ հարցնում և ստանում նույն պատասխանը: Հայաստանի Հանրապետությունը միջազգային տրամաբանությամբ որևէ նախագիծ, որևէ երևույթ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Եվ բացի այդ, Հայաստանում Զանգեզուր անվանմամբ տարածքային միավոր գոյություն չունի: Որևէ խոսք չի կարող լինել Լաչինի միջանցքի և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի կարգավիճակի իմաստով, որևէ նույնություն չի կարող լինել, և դա բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»: 

988