Մարդիկ երբեմն խաչ են տեղադրում՝ նույնիսկ խաչի խորհուրդը չհասկանալով, բայց խաչը դա խորհրդանիշ է մեզ համար, այն տանում է  դեպի աղոթքի, դրա համար մեզ պետք են խաչերը: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Տեր Մխիթար քահանա Հարոյանը՝անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած ամենուրեք խաչեր տեղադրելու միտումին:

Քահանան նախ ներկայացրեց, որ խաչը նախկինում որպես մահվան գործիք էր օգտագործվում և Քրիստոսը  իր վրա վերցնելով մեր մեղքերը եկավ աշխարհ, խաչվեց և   սրբացրեց խաչը:

Քահանան համաձայնեց, որ տեղադրած խաչերը անխնամ չպետք է թողնել: «Մարդ կարող  է իր անվան համար ինչ-որ տեղ խաչ տեղադրի, որ ասեն այս մարդը խաչ է տեղադրել, բայց չիմանա դրա խորհուրդը»,-ասաց նա:

Նա նշեց, որ վթարի վայրերում ամենահարմարը խաչ դնելն է, քանի որ այլ բան չեն կարող դնել, և խորհուրդ ունի, որ Աստված պահի զոհի հոգին, հավիտենական կյանքի արժանացնի: Ըստ նրա՝ մեր երկրում խաչեր տեդադրելը չարաշահված չէ, ամեն գյուղում կարելի է մի խաչ դնել, սակայն շատ դնելն էլ իմաստ չունի:

Տեր Մխիթար քահանա Հարոյանն ասաց, պետք է խաչերը, խաչքարերը խոսուն տեղ դրվի, որ տրամադրի աղոթքի, խնամքի: «Պետք է հասկանանք՝ ուր ենք դնում խաչքարերը, քանի որ մի երևույթ  է նկատվում, որ ամեն տեղ, ով հնարավորություն ունի, խաչ է դնում և եթե պետք է դրվի ու  իրենց նպատակին չծառայեն, ավելի լավ է չդրվի»,-ասաց նա:

Անդրադառնալով Քրիստոսի արձանի դնելուն, նա նշեց, ինչպես Մայր Աթոռն  է արդեն հայտնել,  արձան տեղադրելը բնորոշ է հիմնականում կաթոլիկ եկեղեցուն, բայց ինչպես նախաձեռնողներն են նշում՝ արձանի տեղարդման նպատակը տուրիզմը զարգացնելն է և ոչ թե  աղոթատեղի պետք է լինի կամ հոգևոր կյանքը զարգացնի:

956