Մամուլի հաղորդագրություն Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հուլիսի 21-ին հանդիպել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մոսվիսյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Համահայկական խաղերի կազմակերպման պատասխանատուները, ինչպես նաև Աշտարակ, Թալին, Ապարան խոշորացված համայնքների ղեկավարները։

Ողջունելով խաղերը Շիրակում և Արագածոտնում անցկացնելու գաղափարը՝ մարզպետը հույս հայտնեց, որ մարզը կկարողանա հնարավորությունների սահմաններում և ըստ պատշաճի այդ ամենը կազմակերպել՝ մոբիլիզացնելով ողջ ուժերը:

 «Համահայկական խաղերի բացումը կանցկացվի Գյումրիում, այն միաձայն ընտրվել է խաղերի բացման մայրաքաղաք, մյուս քաղաքներում կանցկացվեն 17 մարզաձևեր՝ ըստ բնակավայրերի հնարավորությունների։ Այս ամենն արվում է Երեւանից զատ, հանրապետության մյուս բնակավայրերը զարգացնելու, ակտիվացնելու համար»,- նշեց Իշխան Զաքարյանը:

Ներկայացնելով խաղերի անցկացման տարեգրությունը՝ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ 1999 թվականին անցկացվող խաղերին մասնակցում էր 1141 մասնակից՝ 23 երկիր՝ 7 մարզաձև, իսկ 2015 թվականին արդեն արձանագրվել է 6540 մասնակից:

Համահայկական 7-րդ խաղերն անցկացվեցին Ստեփանակերտում՝ ունենալով 5244 մասնակից: Այս ընթացքում անցկացվել են նաև մեկ ձմեռային խաղեր՝ Ծաղկաձորում: «Որոշում ենք կայացրել, որ ամառային 8-րդ խաղերից անմիջապես հետո պատրաստվում ենք ձմեռային երկրորդ խաղերին՝ կրկին Ծաղկաձորում»,-նշեց Իշխան Զաքարյանը: Նա ընդգծեց, որ Համահայկական խաղերը բացարձակապես ապակուսակցական միջոցառում է, որի միջոցով լավագույնս է դրսևորվում Հայաստան-Սփյուռք կապը: Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում: Մարզպետն ու համայնքապետերը վստահեցրին, որ նախ կգույքագրեն ունեցած հնարավորություններն ու այս ընթացքում կանեն հնարավորը մարզային ու քաղաքային կառույցները, ենթակառուցվածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ։

ՀԽՀԿ լրատվական կենտրոն

 

 

502