![](https://araratnews.am/admin/images/1658490146.jpg)
Առավոտից լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Համայնքում պարբերաբար էլեկտրամատակարարման և ջրամատակարարման խնդիրներ են լինում, ինչից գյուղացիները բողոքում են։ Համայնքի բնակիչները դժգոհել են, որ ո՛չ էլեկտրացանցից, ո՛չ ջրմուղից իրենց չեն պատասխանում ու ամիսներով խաբում են։
Արմավիրի մարզպետարանից հայտնել են, որ խնդրից տեղյակ են, բայց չունեն հստակ մեխանիզմ ու մասնագետ դրան լուծում տալու համար։ Սակայն, մարզպետի կողմից տրվել է հանձնարարական ստեղծել խումբ, որում ներառված կլինեն ինչպես էլեկտրացանցերի, այնպես էլ ՋՕԸ-երի ներկայացուցիչները, որոնք երկուստեք փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում իրար վրա խնդրի առնչությամբ և մեղադրանքի սլաքներն ուղղում մեկմեկու ուղղությամբ։
Արմավիր մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անձամբ հանդիպել է քաղաքացիներին, խնդրել 1-օրյա ժամկետ հարցին լուծում տալու համար, ինչից հետո քաղաքացիները բացել են փակված ճանապարհը։
Լուսանկարը` shamshyan.com-ի