Արդեն 1.5 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 հատուկ ջոկատի փրկարարներն ու ջրասուզակը՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ «Քանաքեռ ԳԷՍ»-ի օրական կարգավորող ջրավազանում Խաչատուր Մուրադյանի գլխավորությամբ որոնողական աշխատանքներ են կատարում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ տեղում են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ։ Այսօր վաղ առավոտվանից ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ե. Նիկոյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ նշված ջրամբարում որոնում են 67-ամյա Հովհաննես Մ-ին։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ վերջին անգամ նրան նկատել են այս վայրում՝ բետոնե պատնեշի վրա նստած, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նա անզգուշաբար ընկել է ջրի մեջ։

Այս պահին ջրասուզակի կողմից որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն տեսանելիությունն ամբողջովին դժվար է, քանի որ ջրի տակ երևում է հազիվ 1-2 մետր։ Օպերատիվորեն ժամանել են նաև միջազգային էներգետիկ կորպորացիայիաի ներկայացուցիչները։ Եթե որոնողական աշխատանքները արդյունք չտան, ջրասուզակի համար դժվարությունները պահպանվեն, քանի որ, ինչպես նշեցինք, տեսանելիությունը շատ վատ է, ապա հնարավոր է՝ ջուրը դատարկվի, որպեսզի որոնողական աշխատանքնեը հեշտանան։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավարի կողմից էլ նախաձեռնվել է վարույթ։

*** Քիչ առաջ ջրասուզակը մեծ դժվարությամբ հայտնաբերեց դին, որը հատուկ փրկարարների օգնությամբ ճոպանի միջոցով դուրս բերվեց։ Դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, ով տեղում ջրամբարի ղեկավարությանը հորդորեց, որպեսզի, ելնելով քաղաքացիների անվտանգությունից, տարածքը ցանկապատեն, ինչը նրանք խոստացան։ 

1297