Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի «Ֆետիսով-Արենայում» այսօր կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը, առավոտյան ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինն ընդունել է Մարզական խաղերի մասնակից բոլոր 13 երկրների պատվիրակությունների ղեկավարներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ սա հիանալի միջոցառում է պատանիների համար. «Եթե նախորդ խաղերին Հայաստանը սիմվոլիկ մասնակցություն է ունեցել՝ ընդամենը մեկ հրաձիգով, ապա այս տարի արդեն 22 մարզիկով ենք մասնակցում և հաղթանակների մեծ ակնկալիքներ ունենք: Մեզ համար սա իսկապես կարևոր միջոցառում է»‎, - ասել է փոխնախարարը:

Բացման արարողության պաշտոնական հատվածին հաջորդել են Խաղերի մասնակից 13 երկրների անվանական ներկայացումը և դրոշներով շքերթը: Հայաստանի դրոշակակիրը եղել է Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանը:

Մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ կմասնակցի Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թայիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից: 19 մարզաձևերում կխաղարկվի մեդալային 273 հավաքածու:

Արդեն այսօր մեկնարկել են մրցումերը: Առաջին մեդալները կվիճարկեն լողորդները, հուլիսի 29-ին։

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերը կտևեն մինչև օգոստոսի 8-ը:

964