Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային երգչախումբը հուլիսի 29-ին անկրկնելի համերգ է տվել Գերմանիայի Մյունխեն քաղաքում՝ նվիրված Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձին: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

Դեսպանը նշել է, որ այս տարի իր գործունեության 30-ամյակը նշող պետական կամերային երգչախմբի համերգը տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բավարիայի գիտության և արվեստի պետնախարարության հովանու ներքո՝ նվիրված Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձին: Համերգի կազմակերպմանն աջակցել են նաև EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամը և Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս դր. Քրիստինե Զասսեն:

Երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Հինդեմիթ Շարաֆյանի, Հալաջյանի, Օստրցիգայի, Բուխենբերգի, Պերտի, Ստամբուլցյանի, Հովհաննիսյանի, Շանդերլի ստեղծագործությունները:

Միջոցառման շրջանակներում ելույթ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը: Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ դեսպանն ասել է, որ Հայաստանը և Գերմանիան հուսալի և վստահելի գործընկերներ են, որոնց հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, խաղաղությունը, արժանապատվությունն ու ժողովուրդների ազատ ինքնորոշումը, ազատ շուկայական տնտեսությունը:

Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված ելույթով հանդես է եկել նաև ԳԴՀ Բունդեսթագի նախկին փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը: Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ՀՀ պատվավոր հյուպատոս դր. Քրիստինե Զասսեն:

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 30 տարի առաջ՝ 1992 թհունվարի 31-ին:

 

 

1143