Հուլիսի 8-ին Երևանում կայացավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի ներքո իրականացվող Նորարարության զարգացման և մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի 2-րդ փուլում հաղթող ճանաչված ընկերությունների մասնակցությամբ «Bridging the success. IMG/RMG Demo day»-ը:
«Demo day»-ի մեկնարկին բացման և ողջույնի խոսքով հանդես եկան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և Համաշխարհային բանկի խմբի Ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ ծրագրի Մասնավոր հատվածի զարգացման ավագ մասնագետ Կարեն Գրիգորյանը։
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իր գործունեության 20 տարիների ընթացքում կարևորել է Հայաստանում տեխնոլոգիական ընկերությունների զարգացումը: Շատ ուրախ եմ, որ պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով իրականացվող այս ծրագրի շրջանակում ունենք արդեն իսկ արձանագրված բազմաթիվ հաջողություններ, որի համար իմ շնորհակալությունն եմ հղում մեր բոլոր գործընկեր կառույցներին: Իսկ միջոցառումների այս շարքը նախաձեռնել ենք, որպես շփման և նոր համագործակցությունների ձևավորման հարթակ՝ կայացած ու սկսնակ տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնց թիվը տարեցտարի ավելանում է»,- իր խոսքում ընդգծեց «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: 

Հայաստանյան առաջատար և լայն միջազգային ճանաչում ունեցող ստարտափներից  մեկի՝ Picsart ընկերության  համահիմնադիր և տեխնոլոգիական գծով տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը, որպես հրավիրյալ խոսնակ, մասնակիցներին ներկայացրեց Unicorn startup դառնալու մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները։
Միջոցառմանը մասնակից վեց ստարտափները ներկայացրին ծրագրի շրջանակում իրենց գրանցած հաջողությունները, ձեռքբերումները և ապագա ծրագրերը:

Ստորև ներկայացնում ենք «Demo day»-ին մասնակցած ընկերություններին:

Gabby -  ծանոթությունների և սոցիալական մեդիայի հետ հեշտ կիրառելի հավելված՝ շների սիրահարների համար: Այն օգնում է շների սիրահարներին ստեղծել հոգատար համայնք՝ նպաստելով իրենց շների հաղորդակցությանը: Հավելվածի օգնությամբ կարող եք հետևել այլ շների ամենօրյա արկածներին, շփվել ընկերների հետ, կիսվել շների մասին թարմացումներով, մեկնաբանել, ավելացնել պատմություններ և նոր կապեր հաստատել:

Gebecert - ստարտափը ներկայացնում է հեռավար վավերացման լուծում՝ RFID և BlockChain տեխնոլոգիաների միջոցով: Տեղեկատվությունն ստանալուց հետո GebeCert հեռավար վավերացման  համակարգը ստուգում է վավերականությունը և հավելվածի միջոցով սպառողին տրամադրում ապրանքի մասին լրացուցիչ տվյալներ:

Metric - ընկերությունը մշակել է արհեստական բանականությամբ աշխատող Pinsight հարթակը, որը վերլուծում է վարքագծային տվյալները և կանխատեսում հաջորդ գործողությունները: Առանց կոդերի վերլուծական հարթակը կարող է օգտագործվել՝ տվյալներից անմիջապես պատասխաններ և պատկերացումներ ստանալու համար` բանկային, ֆինանսական, մարքեթինգային, հեռահաղորդակցության, անվտանգության և այլ ոլորտներում:

Foldink - բիոտեխնոլոգիական ընկերություն, որը մշակում է բիոտպագրական 3D տեխնոլոգիա՝ կենսաբանական թանաքներ կիրառող 3D տպիչներով: Foldink-ը հետազոտողների, բժիշկների, ձեռնարկատերերի և ինժեներների թիմ է, ովքեր հավատում են, որ 3D բիոտպագրությունը բժշկության ապագան է և նպատակ ունեն իրենց ներդրումն ունենալ դոնոր-օրգանների գլոբալ պակասի հաղթահարման և ամբողջ աշխարհում վերականգնողական բժշկության զարգացման գործում:

AIP tech - թիմն աշխատում է տիեզերական արդյունաբերության ընկերությունների հետ, որտեղ նյութերի սահմանափակ ընտրության պայմաններում ստեղծում են ջերմահեռացման համակարգեր՝ 3D տպագրության տեխնոլոգիայով:
Robin the Robot - հետազոտության վրա հիմնված ընկերասեր էմոցիոնալ ռոբոտ-օգնական է, որը նվազեցնում է մանկահասակ հիվանդների սթրեսը և խթանում է նրանց համագործակցությունը բուժանձնակազմի հետ:
Ներկաների քվեարկության արդյունքում ամենատպավորիչ գործարար ներկայացմամբ հանդես եկած թիմ ճանաչվեց Robin the Robot-ի թիմը:

Հավելենք, որ այս տարի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նշում է իր գործունեության 20-ամյակը: Նախորդ 20 տարիների ընթացքում ՁԻՀ-ն իրականացրել է լայնածավալ ինստիտուցիոնալ նախաձեռնություններ, որոնք, մասնավորապես, ներառում են գիտնականների, ստարտափների և բարձր տեխնոլոգիական ընկերությունների ֆինանսավորման տարբեր գործիքակազմեր, ինչպես նաև ձևավորել է տեխնոլոգիական ընկերությունների համար նախատեսված ենթակառուցվածքներ և էկոհամակարգեր՝ ողջ Հայաստանում:

1173