Կառավարությունը 122 մլն դրամ կուղղի Երևանի բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակ» նախագծի համար Սարկավագի փողոցի ջրանցքից մինչև Բուսաբանական այգու պարսպի հատվածը ոռոգման ջրագծի կառուցման նպատակով:

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ «Կյանքի պուրակ» նախագծի քննարկման ժամանակ հանձնարարական եղավ ոչ միայն «Կյանքի պուրակի» 35 հա ընդգրկող, այլև ամբողջ Բուսաբանական այգու 80 հա տարածքն ապահովել ոռոգման ջրով: «Մոտ մեկուկես կմ երկարությամբ ջրագծի մասին է խոսքը, որը պետք է հասնի Բուսաբանական այգի: Ամբողջ ծրագրի արժեքը 245 մլն դրամ է. քանի որ նախագծով նախատեսված է մոտ 200 օր իրականացման համար, մենք քննարկումների արդյունքում հանգել ենք նրան, որ հիմա կարելի է դեռ կեսը պլանավորել այս տարվա համար, գումարի մյուս մասը հաջորդ տարի նոր կնախատեսենք: Բյուջեից գումար տրամադրելու կարիք չկա. ոռոգման ցանցի առողջացման ծրագիր ունենք մեզ մոտ, որտեղ որոշակի խնայված գումարներ կան, և այս տարի 122 մլն դրամ այդ ծրագրին կուղղենք»,- ասաց Գնել Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով, անհրաժեշտ է վերակենդանացնել ամբողջ Բուսաբանական այգին և ծրագրի մասշտաբներն ընդլայնել: «Դա Երևան քաղաքի համար շատ մեծ էկոլոգիական նշանակություն կունենա և համայնքային կյանքի կազմակերպման համար շատ մեծ նշանակություն կունենա և մեր նահատակների՝ մեր ընկած զինվորների, եղբայրների, սպաների հիշատակի ընդգծման մի նոր մեթոդ կդառնա»,- ասաց վարչապետը:

 

 

1162