ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը կարող են քննարկել Թուրքիայի՝ ԲՐԻԿՍ մտնելու հարցը՝ նշելով, որ այդ կապակցությամբ հատուկ ծրագրեր չկան։
Լրագրողները նրան հարցրել են, թե Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները կքննարկե՞ն Սև ծովի և նեղուցների ռեժիմի մասին Մոնտրոյի կոնվենցիան, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի մուտքի հարցը։ Պեսկովը նշել է, որ կոնվենցիան շատ կարևոր տարր է սևծովյան բոլոր երկրների բարդ իրավական դաշտում, այդ թվում՝ Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններում։
«Այստեղ քննարկելու բան չկա, կոնվենցիան ուժի մեջ է, և դա շատ, շատ կարևոր է: Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, ապա դա բացառել չի կարելի, բայց այսօր այդ կապակցությամբ հատուկ ծրագրեր չկան», - ասել է Պեսկովը:
Նա նաև պարզաբանել է, որ Էրդողանի այցը Ռուսաստան աշխատանքային է և չի նախատեսում քաղաքի փողոցների ազգային դրոշներով զարդարում։