Գերմանիայի կառավարությունը բացառում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը՝ երկրում գազի պակասի հետ կապված բարդ իրավիճակը լուծելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը։

«Ես ասում եմ՝ դա բացառվում է», - ասել է Հեբեշտրեյթը: «Հասկանալի է, որ մեզ դժվար ամիսներ են սպասվում, քանի որ Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարումների կրճատումը մարտահրավեր է բոլորիս համար»,- խոստովանել է նա։ Միաժամանակ, Հեբեստրեյթը հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը տարբեր միջոցներ է ձեռնարկել բարդ իրավիճակից խուսափելու համար, այդ թվում՝ հեղուկ գազի ընդունման տերմինալների կառուցումը։

«Հասկանալի է նաև, որ մենք հաստատակամորեն Ուկրաինայի կողքին ենք և կաջակցենք պատժամիջոցներին, որոնք համաձայնեցվել են ԵՄ-ում և միջազգային հանրությունում»,- հավելել է նախարարների կաբինետի ներկայացուցիչը։ «Բացի այդ, պարզ է, որ «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը որպես խողովակաշար չի թույլատրվում և չի թույլատրվի այս պահին»,- ասել է նա։ 

Հիշեցնենք, որ Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» և «Ձախ» կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքային մակարդակով մի շարք քաղաքական գործիչներ հանդես են եկել «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման օգտին:

486