10 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 18-ին, մահացավ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը: Ս. Սիրունյանի մահը վրա էր հասել ինֆարկտի հետևանքով:

Հոր մահվան լուրն իմանալով՝ Սուրեն Սիրունյանի դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը, ինքնասպանության փորձ կատարեց՝ նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից: Մի քանի օր անց Դիանա Սիրունյանը ևս հիվանդանոցում մահացավ:

Ընկերները Սուրեն Սիրունյանի մասին անցյալով չեն խոսում: Նրան բնորոշելիս նշում են, որ ընկերների համար պատրաստ էր ամեն ինչ անել:

Ընկերներից Արայիկ Մանուկյանն էլ այս բանաստեղծությունն էր նվիրել Սուրեն Սիրունյանի հիշատակին.

Ափսոս էր Ճուտը

Ընդհանրապես մահերը թևաթափ են անում:
Նույնիսկ փառահեղ ու երկար, երկար ապրած կյանքի մահերը:
Նույնիսկ էն մահերը, երբ մահացողի կյանքն էդ մահով ավարտվում է:
Էլ ուր մնաց, երբ մահն անժամանակ է:
Երբ դավադիր է, կույր, երբ հարվածում է թիկունքից:
Էլ ուր մնաց, երբ ապրածդ կարճ կյանքն էլ շատ ավելին է, քան շատ շատերի երկար ու երկար քարշ եկած կյանքը:

Մահերը թևաթափ են անում, որովհետև ամեն մարդ անփոխարինելի է:
Մարդն իր տեսակով տեղ է անում, ու երբ գնում է, այդ տեղը մնում է:
Այդ տեղը չի լցվում:

Նույնիսկ անկյանք ապրածի տեղն է մնում, էլ ուր մնաց` կյանքով ապրածինը:

Ինքը կյանքով ապրած տղա էր:
Ինքը տղա էր:
Ինքը գնահատել գիտեր:
Ինքն ընկեր էր:
Ինքը հատուցել գիտեր:
Ինքը գիտեր տալ:
Ինքն ապրել էր նվիրումով, ու ինքը չէր դավաճանել: Իրեն` դավաճանել էին:
Ինքը ստորություն չէր արել: Իր հանդեպ` արել էին:
Ինքը չէր ուրացել: Իրեն` ուրացել էին:
Ինքն էս երկիրը սիրող տեսակ էր ու էս երկիրը սիրող տեսակներին սիրող տեսակ: Ինքն էս երկիրը ստեղծողներից էր, բայց` չարքաշ ստեղծողներից:
Ինքն անհանգիստ էր:
Ինքն իր տեղը գիտեր:
Իր իմացածի չափը գիտեր:
Աչքը ճանապարհին էր:
Ինքը վերադարձերի էր սպասում:

Ափսոս, որ չհամբերեց:
Ափսոս, որ նյարդը նորից դրեց քաղաքականություն կոչվող ախտի զարկերակին:

5533