Օգոստոսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ավտոճանապարհի  21-րդ կմ հատվածում՝ Աղնջաձոր համայնքի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 25 մետր մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  6 հոգի, որից 2-ը երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Մինչ վթարի վայրում քննչական խումբն աշխատում էր, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 3 ամսական տղան գիտակցության չգալով՝ մահացել է: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներն ու մահացածն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, նրանց երեխաներն ու ազգականները:

3380