Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում  ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։

Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային խաղերի բարեհաջող ավարտի կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը գոհունակությամբ արձանագրել է, որ մրցումների ընթացքում գրանցված բանակային խաղերի յոթ ռեկորդները վկայում են մասնակիցների ֆիզիկական պատրաստության շարունակական բարելավման մասին: 

Նախարարը նկատել է նաև, որ բանակային խաղերն ամրապնդում են համագործակցությունն ուժային կառույցների միջև՝ առողջ մրցակցությանը զուգահեռ ձևավորելով գործընկերային ջերմ մթնոլորտ։

Կարևորելով ֆիզիկական պատրաստության դերն ուժային կառույցների ծառայողների պատրաստության գործում՝ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն իր հերթին ընդգծել է, որ հաղթանակն արդյունքն է երկարատև ու քրտնաջան աշխատանքի:

Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողության շրջանակում տեղի է ունեցել կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից, բանակային քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք մարզաձևերի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Ուժային կառույցների միջև ընդհանուր թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է պաշտպանության նախարարության հինգերորդ թիմը, երկրորդ տեղը՝ Պետական պահպանության ծառայության թիմը։  Լավագույն եռյակը եզրափակել է ՊՆ երկրորդ թիմը:

 

237