Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի հրավերով Աստանա կատարած այցի շրջանակներում 2025 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանը և Էլվիրա Ազիմովան, Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (ք․ Աստանա) միջազգային ընդունելությունների սրահում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Բարձր դատարանների միջև։ Այս մասին տեղեկացնում են ՍԴ-ից:

 

Հուշագրի նպատակն է նպաստել իրավական ոլորտում փոխգործակցության և համագործակցության շրջանակի ստեղծմանը, սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակմանը, երկու երկրներում սահմանադրական իրավունքի և դրա գործնական կիրառման ուսումնասիրությանը՝ սահմանադրական իրավունքի ոլորտում վեճերի լուծման համատեքստում՝ ձգտելով խթանել սահմանադրական արդարադատությունը և երաշխավորել համընդհանուր ճանաչում ունեցող ժողովրդավարական սկզբունքները, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության երաշխիքները։

 

Կարևորելով հուշագրի ստորագրմամբ հարաբերությունների նոր փուլի մեկնարկը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ Հուշագրով նախանշված դրույթները գործնականում կիրականացվեն՝ դառնալով սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ղազախական արդյունավետ համագործակցության գրավական։

 

Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Էլվիրա Ազիմովան նշել է, որ իրենց համար շատ հետաքրքիր է սահմանադրական արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկան՝ համոզմունք հայտնելով, որ հուշագրի ստորագրումը կարևոր հիմք է երկու երկրների Բարձր դատարանների միջև հարաբերությունների առավել զարգացման համար։

 

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունն ընդլայնել նաև երկու երկրների Սահմանադրական դատարանների աշխատակազմերի միջև։

175