
Կառավարությունը հավանություն տվեց գույքը որպես նվիրատվություն հետ վերցնելու, ընդունելու և ամրացնելու մասին հարցին: Այսպիսով վարչապետի գրավոր հանձնարարականով՝ պետական բոլոր մարմինների ղեկավարները, նրանց ենթակայությամբ գործող ՓԲԸ-ները, ՊՈԱԿ-ները, հիմնադրամները գույքագրեն այդ կառույցներում առկա բոլոր անսարք, չօգտագործվող մեքենաները և դրանք վերադարձվեն կամ նվիրատվության կարգով, կախված հիմնարկի բնույթից, տրվեն Պետական գույքի կոմիտեին, հետագայում այդ մեքենաները օտարելու նպատակով:
«Փաստացի, այդ հանձնարարականի կատարումն է. այս ընթացքում աշխատել ենք բոլոր գործընկերների հետ, ունենք 654 ավտոմեքենա, որոնք ներկայացված են այս որոշմամբ, որպեսզի այդ գույքը ընդունենք և տանք Պետական գույքի կառավարման կոմիտեին: Հետագայում դրանք կօտարվեն, նախնական մոտ 200 մլն դրամ կարող է դրանից բյուջե գումար մտնել»,- նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Պետական գույքի կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանը վստահություն հայտնեց, որ գույքը կվաճառվի, սակայն հարցն այն է, թե ինչ գնով: «Գինն աճուրդային եղանակով հնարավոր կլինի իջեցնել, որ այն մեքենաները, որոնք ջարդոն են, հնարավոր լինի օտարել, բայց նշեմ, որ մեքենաների մեջ կան նաև այնպիսիները, որոնք ուղղակի վերանորոգման ենթակա են, և այն մեքենաներն ենք նաև ներառել, որոնք հնարավոր է վերանորոգել և շահագործել, սակայն դրանք պահպանման մեծ ծախսեր են ենթադրում պետական համակարգի համար: Այս գործընթացի արդյունքում հնարավորություն կլինի նաև կրճատել մեքենաների վրա իրականացվող պահպանման ծախսերը, ինչպես նաև կունենան օտարումից մուտքեր»,- ասաց նա: