
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գոռ Խ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 379 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ապա հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում գործող բենզալցակայանի տարածքում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Գոռ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի տարածքային բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպեր լիազոր Կարապետյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից պետք է ժամաներ հերթապահ քննիչը սակայն վերջինս հրաժարվել է գալ դեպքի վայր, պատճառաբանելով, որ իրենք անելիք չունեն։ Մինչդեռ՝ եթե վթարի հետևանքով քաղաքացին կան քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ, դեպքի վայր պիտի ժամանի քննիչը, ում կողմից էլ պետք է նախաձեռնվի վարույթ։
Նյութերով զբաղվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչը, ում կողմից էլ այնուհետև ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։