Նորից հարձակում մեր երկրի սահմանների վրա...

Այս տագնապալից իրավիճակում կատարվածի համար ես չեմ ուզում մեղավորներ փնտրել: Մեղավոր ենք բոլորս՝ թերացել, սխալվել, մսխել (ծածուկ ու բացահայտ), շորթել, յուրացրել, կողոպտել, գողացել ու թալանել ենք: Եղծել, կոծկել, ուրացել ու դավաճանել ենք բոլորս՝ անխտիր: Ես իմ մեղքի բաժինը, մեղքի չափը խորապես գիտակցում եմ:

Բայց ինձ հանգիստ չի տալիս իմ ներսը, քրքրող այն միտքը, որ Հայաստանում այժմ գտնվում է և իր որջում դարանակալած՝ դավեր է նյութում այս երկրի ու ժողովրդի գլխին պատուհաս, աղետ դարձած ոմն մեկը (մի այլակերպ, հայատյաց, մարդատյաց, գազանակերպ ինչ-որ չգոյություն, որը, քնից ու հանգստից զրկված, վերջին տարիներին մի գործով է զբաղված եղել. պարբերաբար զանգել, կապեր է ստեղծել, «քսիֆ»-ներ է ուղարկել իր ադրբեջանցի եղբորը, թե ինչո՞ւ եք ուշացնում հարձակումը Հայաստանի վրա. «Եթե ներսում հենակետեր եք փնտրում, ինձանից ավելի հուսալի հենակետ չեք գտնելու», սույնը վստահեցրել է իր ադրբեջանցի եղբորը:

Որ այս վիճակում ենք, այսպես թևաբեկ, խոցված, նկուն, երերուն, կորստյան անդիմանալի և անորոշության կսկիծը մեր աչքերում, մեղավորը նա է՝ այդ տխեղծը:

44-օրյա պատերազմում մեր կրած թանկ ու անդառնալի կորուստները, կրած մարմնավոր ու հոգեկան զրկանքների «ճարտարապետը» հենց նա է՝ այդ խիստ կասկածելի կերպարունքը: Մեր բոլոր նահատակների, իրենց կյանքով ոսոխի սև հեղեղը կասեցրած մեր հերոս տղաների արյունը սույն գլխավոր վիժվածքի ձեռքերին է: Մեր բոլոր համազգային, համաժողովրդական, համապետական ծրագրերի և ձեռնարկների ձախողման գլխավոր մեղավորը սույն խեղվածքն է:

Իրեն ընդդիմություն հորջորջած, օրնիբուն ոռնացող սույն խմբակը այսօր էլ շարունակում է իր ապազգային, ազգակործան գործունեությունը: Մարդկային ու բարոյական բոլոր չափանիշները ոտնահարած, թշնամու հետ ձեռք ձեռքի տված՝ հայոց պետականության հիմքեր խարխլող սույն բոլուկը օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվի:

Ես կոչով դիմում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, հանրապետության իրավապահ մարմիններին անհապաղ կոշտ ու խստագույն միջոցներ ձեռնարկել սույն ուժերին սաստելու և պատժելու համար:

Հ.Գ. Հենց այսօր էլ, երբ թշնամու հրոսակախմբերը մեր երկրի ինքնիշխան տարածք են ներխուժել, ԱԺ-ի ամբիոնից ոմնը ցինիկաբար հոխորտում է, որ իրենք խորհրդարան կգան միայն մեկ՝ Հանրապետության (ժողովրդի կողմից ընտրված) վարչապետի հրաժարականի պահանջով: Խելքից դուրս, մարդկային տրամաբանությունից անդին բարբաջանք: Ջիվանին կասեր՝ «Խելքին աշեցեք»:

Հուսադրող և մխիթարական է միայն, որ այսօր մենք (մեր երկիրը) ունի զենք գնելու բավարար միջոցներ, նախկինում չի եղել, բացակայել է:

Խորապես ցավակցում եմ մեր նոր նահատակների ծնողներին, հարազատներին: Աստված թող կորով ներշնչի, որ դուք կարողանաք դիմակայել այդ ահռելի ու ծանր վշտին: Իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում:

Արտաշես Արամ, բանաստեղծ

13.09.2022թ.

442