Սեպտեմբերի 21-ին Օտտավայում տեղի են ունեցել քաղաքական առաջին խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև։

Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կանադականը՝ ԱԳ նախարարի փոխտեղակալ Սանդրա ՄկՔարդելը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու վերաբերյալ Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի զեկույցի իրականացմանն ուղղված հարցերը։ Երկուստեք կարևորվել է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ու ընդլայնման նպատակով Հայաստանում դեսպանություն հիմնելու վերաբերյալ Կանադայի որոշումը։

Քննարկվել է նաև փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային խնդիրներին և միջազգային օրակարգի հրատապ հարցերին։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան և դրա հետևանքները, հրադադարի ձեռքբերման և պահպանման ուղղությամբ գործընկեր երկրների ջանքերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։

Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև  Կանադայի ԱԳ նախարարի տեղակալ Սինտիա Թերմորշույզենի, Միջազգային առևտրի նախարարի տեղակալ Դեյվիդ Մորիսոնի, Կանադայի Սենատի Արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի մշտական հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի, Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի, Կանադայի վարչապետի աշխատակազմի արտաքին և պաշտպանական հարաբերությունների գծով պատասխանատու Ջորդան Զեդի հետ։ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Կանադա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ։ Օտտավայի Կարլտոն համալսարանում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ։ 

625