
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 25-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են սեպտեմբերի 22-ին Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Վիլբերթ Սոսյանին պատկանող ռուսական համարանիշներով Chevrolet Lacetti մակնիշի ավտոմեքենան հրկիզողին։
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, նշված արարքը կատարելու կասկածանքով Ճամբարակի ոստիկանության բաժին է բերվել Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Գարեգին Ղ-ն։ Պարզվել է, որ վերջինս կեսգիշերն անց մոտենալով նշված ավտոմեքենային՝ բացել է դուռը և մեքենայի նստարանի հետևի մասը կրակի տվել և հեռացել։ Բարեբախտաբար, հնարավոր է եղել կանխել կրակի տարածումը, իսկ արդեն կարճ ժամանակ անց Ճամբարակում (անպոչ հեռախոսի նման) կայծակնային արագությամբ տարածվեցին տեղեկություններ, թե ավտոմեքենան հրկիզել են ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, քանի որ ավտոմեքենայի տերը օրեր առաջ Ճամբարակում ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին սպանածի եղբայրն է, ու ոստիկանները, վրեժխնդիր լինելով, դիմել են այդ քայլին, մինչդեռ պարզվեց, որ այդ ամենը Ճամբարակում միտումնավոր տարածում են ինչ-որ անձինք, սակայն ոստիկանները կարճ ժամանակում ոչ միայն պարզեցին կատարողին, այլ նաև հայտնաբերեցին նրան։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 20-ին սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Ճամբարակի առողջության կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: